Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրականությունը գունավորող տարածք

Իրականությունը գունավորող տարածք
23.12.2016 | 12:05

Ձմռան առաջին, բայց տարվա վերջին ամիսն իր խորհուրդն ունի. այն և՛ ավարտ է, և՛ սկզբի կանխագուշակ։ Ցանկացած ստեղծագործողի համար ժամանակը պայմանական նշանակություն ունի. ընթանալով կուտակում է ասելիք ու գաղափարներ, որոնք կերպար ու մարմին են ստանում՝ անցնելով մտքի ու սրտի արահետներով։


Իբրև հասարակության մտավոր շերտի ներկայացուցիչ, արվեստագետը գաղափարական և բարոյական ուղենիշի ֆունկցիա է կատարում նրա կյանքում։ Միաժամանակ պատասխանատու և պատվավոր առաքելություն, որն իրագործելու համար անհրաժեշտ են ասելիքի խոր շերտով հագեցած, համոզիչ, ինքնատիպ և ժամանակակից արտահայտչաձևեր։
Եվ այսպես, մի սրահ, որտեղ կողք կողքի ցուցադրված են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, նրանցից յուրաքանչյուրը դիտողի դատին է հանձնել իր վերջին ստեղծագործությունը։ Նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահով շրջելիս արվեստասերն ականատես է լինում նույն միջավայրում ապրող, սակայն յուրովի ընկալող և վերարտադրող անհատների ստեղծագործությունների։ 20-րդ դարի բոլոր ուղղություններն իրենց հարուստ բազմազանությամբ ներխուժել են հայկական միջավայր՝ օգնելով ժամանակակից խնդիրներն արտահայտելու մոդեռնիզմի և ավանգարդիզմի հարուստ գեղարվեստական ավանդույթների լեզվով։


Ցուցահանդեսը հիանալու և դատելու հնարավորություն էր ընձեռում այցելուներին և հենց իրենց՝ ստեղծագործողներին։ Բոլորին էլ հետաքրքիր է, թե ինչպիսի փոփոխություններ է կրել գործընկերների արվեստը։ Բազմազան ոճեր և ուղղություններ, կոլաժներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, բատիկ. այս ամենին հենվելով պետք է զարգանա արվեստը։
Ինքնատիպության հետ մեկտեղ արվեստագետը չպետք է կորցնի կապն ազգային ակունքների հետ, իսկ չսպառվելու համար անհրաժեշտ է զգալ ժամանակի զարկերակը, բնականաբար, չանտեսելով նաև համաշխարհային կերպարվեստի փորձն ու նվաճումները։


Գորշ և անհրապույր իրականությունը աշխուժացնող, գունավորող և իմաստավորող տարածքը մարդու կյանքում միշտ էլ արվեստին է պատկանել։ Տարին եզրափակելով մեկական աշխատանքների ցուցադրությամբ՝ դրական շարունակության սկիզբ ենք ակնկալում։


Տաթևիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Արվեստաբան

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ